2 Corinthians 10
1 Ես ինքս՝ Պողոսս, Քրիստոսի հեզությամբ ու քաղցրությամբ եմ խնդրում ձեզ, ես, որ խոնարհ մեկն եմ, երբ ձեր մեջ եմ, մինչդեռ երբ հեռու եմ ձեզնից, խիստ եմ ձեր հանդեպ։
2 Աղաչում եմ, մի՛ ստիպեք, որ երբ մոտ լինեմ, խստությամբ վարվեմ կամ հանդուգն գտնվեմ նրանց նկատմամբ, ովքեր կարծում են, թե մենք մարդկային շարժառիթներով ենք առաջնորդվում։
3 Ճիշտ է, ապրում ենք մարմնի մեջ, բայց մարդկային նկատումներից մղված չէ, որ պատերազմում ենք.
4 քանի որ պատերազմի մեր զենքերը մարմնավոր չեն, այլ Աստծուց տրված զորավոր զենքեր են՝ քանդելու ամրությունները։
5 Քանդում ենք գաղտնի մտածումները, Աստծու գիտության դեմ գոռոզացած ամեն պատնեշ և գերում ենք բոլոր մտքերը՝ բերելով Քրիստոսի հնազանդությանը։
6 Եվ պատրաստ ենք պատժելու որևէ անհնազանդություն, երբ ձեր հնազանդությունը կատարյալ լինի։
7 Յուրաքանչյուրին դիտում եք ըստ արտաքին տեսքի. եթե մեկն իր մեջ վստահ է, որ Քրիստոսին է պատկանում, թող հետևյալն էլ խորհի իր մտքում, որ ինչպես ինքն է պատկանում Քրիստոսին, նույնպես և մենք ենք պատկանում։
8 Որովհետև, եթե նույնիսկ ավելի պարծենամ մեր այն իշխանության համար, որը Տերը տվեց մեզ՝ ձեզ ամրապնդելու և ոչ թե ձեզ կործանելու համար, ամաչելու բան չունեմ։
9 Սա ասում եմ, որ չթվա, թե ձեզ փորձում եմ իմ նամակներով սարսափեցնել։
10 Ոմանք ասել են. «Նրա նամակները խիստ են ու ազդեցիկ, իսկ մարմնի տեսքը տկար է, խոսքը՝ արհամարհելի»։
11 Այսպես ասողը թող իմանա, թե ինչպիսին որ նամակների մեջ գրված մեր խոսքով ենք հեռվից, նույնպիսին էլ կլինենք գործով մոտիկից։
12 Մենք չենք համարձակվում մեզ համեմատել և հավասարեցնել նրանց, ովքեր իրենք իրենց են գովաբանում, բայց չեն հասկանում, որ իրենք իրենցով են չափում և իրենք իրենցով են համեմատում իրենց անձերը։
13 Իսկ մենք չենք պարծենում չափից դուրս, այլ ըստ չափի այն կանոնի, որ Աստված մեզ հատկացրել է՝ հասնելու մինչև ձեզ։
14 Մենք մեր սահմանից այն կողմ չէինք անցել, երբ հասանք ձեզ, քանի որ Քրիստոսի Ավետարանով հասանք ձեզ մոտ։
15 Եվ սահմանված չափից դուրս չենք պարծենում ուրիշի աշխատանքով, այլ հույս ունենք, որ ձեր հավատը կաճի, և մեր աշխատանքն ավելի կմեծանա ձեզ մոտ՝ մեզ տրված սահմաների մեջ,
16 այնպես որ կարող ենք ավետարանել նաև ձեզնից այն կողմ՝ առանց պարծենալու ուրիշի սահմաններում կատարված գործերով։
17 «Ով պարծենում է, թող Տիրոջո՛վ պարծենա».
18 քանի որ ընտրյալը նա չէ, որ ինքն իրեն է գովաբանում, այլ նա, որին Տերն է գովում։